Հաճախ տրվող հարցեր

Համացանցը լի է ծնողավարման, քնի մասին տեղեկատվական աղբյուրներով։ Ծնողները ստիպված են լինում շատ երկար ուսումնասիրել դրանք՝ գտնելու այն տարբերակը, որը համապատասխանում է իրենց։

Խնդիրն այն է, որ աղբյուրներն ու առաջարկվող լուծումները շա՜տ հակասական են լինում, և չքնած ծնողները  խճճվում են հակասական տեսակետների ու տարբեր լուծումների մեջ՝ չկարողանալով կողմնորոշվել, թե ո'ր մեկն է հարմար հենց իրե'նց ընտանիքին։ Եվ այստեղ օգնության է գալիս քնի խորհրդատուն, ով օգնում է ֆիլտրել լուծումները, դիտարկում է իրավիճակը կողքից՝ մատնանշելով մանրուքների վրա, որոնք կարող են մեծապես ազդել քնի վրա։ 

Բացի այդ, մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետը կկարողանա ուղղորդել, ծանոթացնել տարիքային առանձնահատկություններին, և երբեմն ուղղակի կբռնի ձեռքը՝ օգնելով հաղթահարել իրատեսական ու մարքեթինգի, որոշ հեղինակների կողմից առաջադրված ոչ իրատեսական սպասելիքների բախումը։

Մեր համատեղ աշխատանքի առաջին քայլը հարցաթերթ լրացնելն է, որն իմ առաջին ծանոթությունն է ձեզ հետ։ Դրա հիման վրա ես կազմում եմ մեր գալիք խորհրդատվության կետերը, որոնց ընթացքում քննարկում ենք ձեր նշած կետերը, ինքնուրույն քնի անցնել ցանկանալու դեպքում ընտրում ենք ինքնուրույն քնի մեթոդը։ Նշանակված օրը և ժամին խորհրդատուն սպասում է ձեր զանգին ձեզ հարմար կապի որևէ միջոցով (whatsapp, facetime, telegram, zoom) և մինչև մեկ ժամ քննարկում իրավիճակը, ընտրում լուծման ճանապարհը։

Խորհրդատվությունից հետո 48 ժամվա ընթացքում ձեզ համար կազմվում է անհատական ծրագիր և կախված ձեր ընտրած փաթեթից՝ ես աջակցում եմ ձեզ ծրագրի իրականացման յուրաքանչյուր քայլի ընթացքում։

Տեսադասերի և առցանց սեմինարների դեպքում յուրաքանչյուրի նկարագրության մեջ կգտնեք մասնակցության մանրամասները։

Այնպիսի գործոններ, ինչպիսիք են բալիկի տարիքը, խառնվածքը և քնի հետ խնդիրների բնույթը, մեծապես ազդում են բարելավման ընթացքի ու արագության վրա։ Բայց բոլորի համար մեկ ընդհանուր բանալի՝ հետևողականություն։ Սա հաջողության հասնելու հիմնական բանաձևն է։ Ես ձեզ կօգնեմ հետևողական ու հաստատակամ լինել, երբ կասկածներ ու վախեր ունենաք։ Սա քնի խորհրդատուի հետ աշխատանքի մեծագույն առավելությունն է։

Միևնույն ժամանակ, ինձ հետ աշխատելու առանձնահատկությունն այն է, որ ես չեմ «ստիպում» ծնողներին անել այն, ինչ իրենց ծնողական բնազդն ասում է, որ այդ պահին պատրաստ չէ։ Ես հավատում եմ, որ ոչ մի մասնագետ ծնողից լավ չի ճանաչում երեխային։ Եվ իմ աշխատանքի գերագույն նպատակը ծնողներին սովորեցնելն է լսել, հասկանալ երեխային, արձագանքել դադարից հետո, երբ գործում են ոչ թե իմպուլսիվ, այլ գիտակցաբար։ Երեխայի կյանքի առաջին տարին լի է վայրիվերումներով, և երբեմն տվյալ պահին փոփոխություն մտցնելը կարող է չափազանց դժվար լինել թե' երեխայի, թե' ծնողների համար։

Այս դեպքում եթե ծնողները ցանկանում են, կարող ենք դադար վերցնել և վերսկսել, երբ երեխան ու ծնողները պատրաստ են։ Կան որոշակի շրջաններ, երբ ինքնուրույն քնի անցնելը չի խրախուսվում.

  1. Երեխան հիվանդ է, ֆիզիկապես իրեն լավ չի զգում,
  2. Մեծ իրադարձություններ են կատարվել երեխայի կյանքում շատ մոտ ժամանակներում կամ սպասվում են մոտակա ամսվա ընթացքում (նոր երեխա, մայրիկն աշխատանքի է դուրս եկել, ընտանեկան ճգնաժամ, տեղափոխություն),
  3. Երեխան կտրուկ աճի փուլում է,
  4. Երեխան ունի սուր վախեր, այդ թվում՝ բաժանման վախ ծնողների հետ։

Այս դեպքում քնի բարելավման աշխատանքն իրականացվում է այլ սկզբունքներով՝ փափուկ, մեղմ, դանդաղ։

Բացի այդ, ցանկալի արդյունքը շատ տարբեր է ամենատարբեր ընտանիքների համար, ինչպես և «քնել ամբողջ» հասկացությունը։ Մի վեց ամսական երեխա կարող է քնել գիշերը 10-12 ժամ անդադար, իսկ մեկ այլ փոքրիկ նույն տարիքում կարող է դեռ երկու կերակրման կարիք ունենալ, և երկու դեպքում էլ քունը համարվում է նորմալ։

Սա է պատճառը, որ պետք է հաշվի առնել երեխային ու ծնողների առանձնահատկություններն ու ցանկությունները՝ առավելագույնս հարմարեցնելով այս երկուսն իրար։

Ինքնուրույն քունը հաճախ բացասական հնչերանգով է հասկացվում և ասոցացվում է cry it out-ի կամ թողնել լացելու հետ, այնինչ դա մեթոդներից մեկի նկարագրությունն է և հաշվի չի առնում շատ այլ գործոններ։ Իրականում երեխային ինքնուրույն քնել սովորեցնելու շատ տարբեր մեթոդներ կան, իսկ քունն ընդհանուր բարելավելը բնավ չի նշանակում միայն ինքնուրույն քնել սովորեցնել։

Ինքնուրույն քնի մեթոդները տարբերվում են ոչ միայն տարիքից տարիք, այլև հաշվի են առնում խնդիրը, երեխայի խառնվածքը, ծնողների զգացմունքային վիճակը։ Ինձ համար կարևոր է օգնել ծնողներին գտնել այնպիսի լուծում, որտեղ իրենք հարմարավետ կզգան իրենց, և անել դա այնպես, որ շրջանցենք լացը։

Այնուամենայնիվ, սովորույթ փոփոխելը հեշտ չէ, հատկապես փոքրիկ պահպանողական մարդուկների համար։ Եվ սա նշանակում է, որ ցանկացած մեթոդի կիրառման դեպքում լացի գործոնն անխուսափելի է լինում։ Տարբերությունն այն է՝ ինչպես ենք մենք արձագանքում լացին և մխիթարում՝ միաժամանակ աշխատելով քնի այն ասոցիացիայի հետ, որը ցանկանում ենք փոխել։

Հենց այստեղ էլ ձեզ պետք են իմ գիտելիքները՝ գտնելու այն փորձված միջոցը, որը կիրառելիս ձեզ կզգաք ինքնավստահ ու կկարողանաք հետևողական լինել։